Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել դատավորի հարցերին՝ ի նշան բողոքի
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպան Աբրահամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել հանդիպման համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հայտարարել ընդմիջում, որից հետո Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը դատավորների կազմի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։
Մեղադրող դատախազներ Վուսալ Ալիևը և Ֆուադ Մուսաևը, որոնք պաշտպանում են պետական մեղադրանքը, միջնորդության վերաբերյալ նշել են, որ նախորդ դատական նիստում նույնաբովանդակ միջնորդություն է քննարկվել, և համապատասխան որոշում է կայացվել, և խնդրել են մերժել միջնորդությունը։
Բացի այս՝ այսօրվա նիստի ընթացքում շարունակվել է մեղադրական եզրակացության ընթերցումը։
Նիստը նախագահող դատավորը Ռուբեն Վարդանյանին հարցրել է՝ արդյոք իրեն մեղավոր համարու՞մ է։ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հաջորդ շինծու դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին։