Պետք է ռեալիստ լինել, Արցախի հարցի լուծում մոտակա տասնամյակներում հնարավոր չէ, վերջնական լուծում նույնպես, նույնիսկ Կոսովոյի հարցը վերջնական լուծում չի ստացել. Հարությունյան
Պետք է ռեալիստ լինել, առաջիկա տասնամյակներում մենք արցախի լուծման հնարավորությունը չենք տեսնում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Դրա համար բանակի հզորացման ճանապարհով պետք է ստիպել հակառակորդին հաշվի նստել ստեղծված ստատու-քվոյի հետ, մինչև աշխարհաքաղաքական իրավիճակը կստեղծի հարցի գոնե մասնակի լուծման հնարավորություն: Ամբողջական լուծման մասին խոսելը այնքան էլ հավանական չէ, նույնիսկ Կոսովոյի հարցը ամբողջական չի լուծվել, մասնակի լուծում սակայն աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխման հետ կապված հնարավոր է»,- նշել է ԱՀ նախագահը:
Խոսելով Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցի մասին` նա նշեց, որ ոչ մի ուժ դրան չի ընդդիմանում:
«Երկու հանրապետությունների Արտաքին գործերի նախարարությունները այդ ուղղությամբ ակտիվ քննարկումներ են իրականացնում: Ուղղակի պետք է լավ հաշվարկվի թե այդ քայլը ինչ դրական և արհեստական հետևանքներ կունենա: Միևնույն ժամանակ ակտիվ քննարկումների փուլում է գտնվում Արցախի և Հայաստանի միջև ռազմավարական դաշինքի կնքման գաղափարը»,- պարզաբանեց նախագահը:
Նա նաև նշեց, որ վերլուծաբանների հետ հաճախ քննարկվում է, արդյոք ճիշտ էր ի սկզբանե Արցախի անկախացման, թե ՀՀ-ի հետ միավորման ճանապարհը:
«Պետք է ասեմ, որ այն ժամանակվա համար կայացվել է ամենաճիշտ որոշումը: Այս փուլում անկախություն, բայց հետագայում` միասնական հայրենիքի վերամիավորման ճանապարհը»,- եզրափակեց նախագահը: