ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սահմանադրության փոփոխությունը թույլ կտա Շահրամանյանի փոխարեն առավել ակտիվ մեկին ընտրել նախագահ. Արցախի ԱԺ պատգամավոր

Սահմանադրության փոփոխությունը թույլ կտա Շահրամանյանի փոխարեն առավել ակտիվ մեկին ընտրել նախագահ. Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի պետական ինստիտուտների շարունակականությունը ապահովել չի նշանակում ամենևին թե Սամվել Շահրամանյանը պիտի շարունակի նախագահ մնալ։ Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, միակ ճիշտ տարբերակը նոր ընտրությունների կազմակերպումը կլիներ, թեկուզ օնլայն տարբերակով։ Տեխնիկական լուծումները այն կազմակերպելու կան, չկա քաղաքական կամքը այդ ճանապարհով գնալու։ Տեղահանությունից հետո Արցախի ներկայացուցչությունը երբեք էլ առանձնահատուկ քաղաքական կամքով աչքի չի ընկել, որի պատճառով էլ այժմ հայտնվել է Նիկոլի և նրա ճտերի թիրախում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:

«Այս պարագայում միակ լուծումը Սահմանադրության փոփոխությունն է, որը հնարավորություն կտա Սամվել Շահրամանյանի փոխարեն առավել քաղաքականապես ակտիվ մեկին ընտրել նախագահ, ով հնարավորության սահմաններում կիրականացնի արցախցիների իրավունքների պաշտպանությունը։

Ինչ վերաբերում է արսենթորոսյանական սպառնալիքներին, ապա այդ հարցում էլ պետք է հանգիստ լինել։ Միջազգային հանրությունը ճանաչում է «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ» տերմինը և պատրաստ է, այդ ներկայացուցիչների ակտիվության դեպքում, այն հաշվի առնել։ Ադրբեջանցի որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի ճանաչել ՀՀ՝ 29743 կիլոմետր քառակուսի տարածքը, դուրս չի եկել օկուպացված հողերից և չի էլ պատրաստվում, իսկ Նիկոլը վիզ է դրել, որ Արցախը անգամ ներկայացուցիչներ չունենա։

Իսկ եթե խոսենք ՝ «բա որ բռնեն, բա որ ձերբակալեն, բա որ ազատազրկեն» թեզի մասին, ապա, տղաներ և աղջիկներ, մարդիկ զոհվել են, կորցրել առողջությունը, տուն-տեղ թողել, դուք պիտի բռնվելուց և ազատազրկվելուց վախենա՞ք։ Մի խարան ավել ձեր վրա չվերցնեք։ Դաժան ձևով խայտառակելու եմ բոլորին, ովքեր Արցախի պետական ինստիտուտները վերացնելու գործում կթելեն Նիկոլի թելը։ Եթե պետք լինի՝ պիտի նստենք էլ, ծեծ էլ պիտի ուտենք ու դեռ մի բան էլ ավել, եթե դա անհրաժեշտ է ապագա սերունդներից հնարավորություն չխլելու համար»,- գրել է նա:

  • Կիսվել: