Մեկնարկել է Արցախի դպրոցներում երկարօրյա ծրագրի մանկավարժների ընտրության գործընթացը
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մանկավարժներին ու համապատասխան ունեցող մասնագետներին հրավիրում է մասնակցելու «Երկարօրյա դպրոց» ծրագրի պիլոտային փուլի առաջին մանկավարժական աշխատողների ընտրության հարցազրույցներին:
Այս մասին հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից՝մանրամասնելով, որ երկարօրյա պիլոտային ծրագրի մանկավարժական աշխատողները պատասխանատու են լինելու տարրական կամ միջին դպրոցի երկարօրյա ծրագրի կարգացուցակի կազմակերպման և իրականացման համար:
Արցախի 20 դպրոցներում երկարօրյա պիլոտային ծրագրով առկա թափուր տեղերը զբաղեցնելու համար պահանջվում են՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն: Առավելություն կդիտվեն՝ մանկավարժի, սոցիալական մանկավարժի, սոցիալական աշխատողի, հոգեբանի, մանկավարժ-հոգեբանի մասնագիտացումները, երեխաների հետ աշխատելու մեթոդների, հնարների և տեխնոլոգիաների իմացություն: 1-3 տարվա փորձառությունը կդիտվի որպես առավելություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակությունը և այլն: Պաշտոնը ենթադրում է նաև ներգրավվածություն ինչպես դպրոցի, այնպես էլ համայնքի կրթադաստիարակչական աշխատանքներում:
Նախապատվություն կտրվի մանկավարժի որակավորում ունեցող այն անձանց, որոնք տեղահանվել են պատերազմի հետևանքով:
Այս տարվա ամռանը կազմակերպվելու է նաև համապատասխան վերապատրաստում՝ «Երկարօրյա դպրոց» ծրագրի հնարավորություններին և գործիքներին ծանոթանալու համար:
Ծրագրի առաջին փուլում ընգրկված են՝ Հաթերք, Մաղավուզ, Մոխրաթաղ, Վաղուհաս, Չափար, Կիչան, Եղծահող, Խրամորթ, Նախիջևանիկ, Աստղաշեն, Սարուշեն, Պատարա, Խնապատ, Բերդաշեն, Աշան, Կարմիր Շուկա, Մեծ Շեն, Մաճկալաշեն, Թաղավարդ Կալեր և Սոս համայնքների դպրոցները։