ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին պահանջագիր հանձնվեց՝ Ադրբեջանում հայ գերիների ազատ արձակման խնդրով
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակի դիմաց հունվարի 17-ին տեղի ունեցավ ակցիա, որի մասնակիցները պահանջագիր հանձնեցին կազմակերպությանը՝ կապված Ադրբեջանում գտնվող 16 հայ գերիների ապօրինի ու շինծու դատավարության մեկնարկի հետ։ ՄԱԿ-ին ներկայացված փաստաթղթով ակցիայի մասնակիցները կոչ արեցին գործուն քայլեր ձեռնարկել՝ ազատելու Բաքվում պահվող հայ գերիներին, պահպանելու ԼՂ-ի հայկական պատմամշակութային ժառանգությունը, ապահովելու ԼՂ-ի հայ բնակչության վերադարձի իրավունքն ու մեխանիզմներ գործարկել՝ պարզելու անհետ կորածների ճակատագիրը։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց անցկացվող ակցիային մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներ, ինչպես նաև արցախյան մի խումբ կազմակերպություններ։
Ակցիայի մասնակից, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը նշեց, որ շատ կարևոր է ևս մեկ անգամ բարձրաձայնել արդարադատության դեմ իրականացվող ոճրագործության մասին և ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հանցագործ գործելակերպի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունվարի 17-ին Ադրբեջանում մեկնարկում է կեղծ մեղադրանքներով ապօրինաբար Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։