ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի մանդատ ունեցող հինգ փորձագետներ Ադրբեջանին կոչ են արել բացել Լաչինի միջանցքը
Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի մանդատ ունեցող հինգ անձինք հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը հրատապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար։
ՄԱԿ-ի փորձագետները, մասնավորապես, նշել են, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ տրանսպորտային օղակն է և ունի մեծ հումանիտար նշանակություն։ Շրջափակումը խաթարել է սննդի, դեղորայքի, վառելիքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների մատակարարումը Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120,000 մարդկանց:
Հումանիտար իրավիճակը սրվել է գազի մատակարարման պարբերական ընդհատումների պատճառով, ինչը խաթարել է բուժհաստատությունների աշխատանքը։ Ուսումնական հաստատությունները նույնպես չեն կարողացել աշխատել և դադարեցրել են իրենց գործունեությունը։
Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև շրջափակումը կարող է հանգեցնել բնակչության համար ծանր մարդասիրական հետևանքների և ոտնահարել նրանց իրավունքները։