Կանխել հնարավոր աղետը. ակցիա` Կարմիր խաչի գրասենյակի մոտ ի աջակցություն հայ գերիների
Այս պահին «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակի մոտ ակցիա է իրականացվում` ի աջակցություն Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների։
«Մեր խնդրանքն ու կոչն է Կարմիր խաչին, որ նրանք անհապաղ այց կատարեն Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին, փորձեն կանխել հնարավոր աղետը, որովհետև խոշտանգումների փաստերն ակնհայտ են»,–այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի կրթության, գիտության և սպորտի նախկին նախարար, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության փոխտնօրեն Նարինե Աղաբալյանը։
Նա ընդգծեց, որ ԿԽՄԿ և մյուս միջազգային կառույցները, ովքեր ունեն նման մանդատ և իրավասություն, պետք է անպայման միջամտեն` պարզելու հայ գերիների նկատմամբ խոշտանգումների փաստերը և համապատասխան միջոցներ ձեռնարկեն։
«Ռուբեն Վարդանյանը սիրում է կրկնել, որ կյանքի հակառակ կողմը մահը չէ, այլ անտարբերությունը, այդ անտարբերությունը պետք է թոթափի յուրաքանչյուր ոք և իր ձայնով ուժեղացնի այդ ճնշումը թե՛ իշխանությունների, թե՛ միջազգային կառույցների վրա»,–ասաց Աղաբալյանը։