երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
«Հուլիսի 12-ին ես ևս լինելու եմ հրապարակում՝ որպես ձեր ընկեր. Արցախի պետնախարարի ուղերձը

«Հուլիսի 12-ին ես ևս լինելու եմ հրապարակում՝ որպես ձեր ընկեր. Արցախի պետնախարարի ուղերձը

Հուլիսի 12-ին ես ևս լինելու եմ հրապարակում՝ որպես ձեր ընկեր, ձեր ձայնը ներկայացնող մարդ, ում ներսում պայքարը չի մարում որևէ պաշտոնի ստվերում։ Այս մասին Facebook-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում նշել է Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, Արցախի պետնախարար նշանակված Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով հուլիսի 12–ին, ժամը 18–ին Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքին։

Նա, մասնավորապես, նշել է. «Իմ Արցախի պետնախարար նշանակվելուց հետո հանրության որոշ շրջանակներում առաջացել են հարցեր, մտահոգություններ, երբեմն նաև կասկածներ։ Այդ մտահոգություններն անտեսելը անարդար կլիներ։ Որպես մեկը, ով ձեզ հետ  անցել է պայքարի ուղին, եղել է ձեր կողքին,  հրապարակում, վրանում, ես պարտավոր եմ բաց ու անկեղծ խոսել։ Ես երբեք չեմ փորձել  անձնական շահեր կառուցել մեր պայքարի հաշվին։  Վրանի դուրսբերումը եղել է կոլեգիալ որոշում, ոչ թե անձնական պայմանավորվածություն։

Շարժման ամբողջ ընթացքում իմ նպատակը եղել է ձեր ձայնը հասցնել այնտեղ, որտեղ կայացվում են որոշումներ։  Այսօր էլ իմ առաջնահերություններն անփոփոխ են՝ բնակարանային ապահովման ծրագրի բարելավում, սոցիալական աջակցությունների շարունակում, արցախցիների իրավունքների բարձրաձայնում միջազգային հարթակներում։ Բայց այս ամենը պետք է արվի ձեր մասնակցությամբ՝ բաց ու պատասխանատու մթնոլորտում։

Երբ ինձ առաջարկվեց Արցախի պետնախարարի դերը, ես ոչ թե պաշտոն էի տեսնում իմ առաջ, այլ պատասխանտվություն, ոչ թե լիազորություն, այլ պարտավորություն ծառայելու իմ ժողովրդին։ Ամենակարեւորը. այս առաջարկը ստացել եմ ոչ թե ՀՀ կառավարությունից, այլ հենց Արցախի իշխանություններից։

 

Կո՛չ եմ անում բոլորիդ միանալ՝ միասին արժանապատվորեն կրելու այս ժամանակի բեռը և ձևավորելու մեր երեխաների ապահով վաղվա օրը։

Այս պայքարը մերն է՝ մեր ընտանիքների և ամբողջ ազգի ապագայի համար»։

  • Կիսվել: