Հիպերտոնիա, քաշի կորուստ. փաստաբանը` Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը 23 օրվա հացադուլից հետո շատ է փոխվել։ «Նովայա գազետա» պարբերականի հետ զրույցում այս մասին ասել է Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը։
«Այս պահին վիճակը կայուն է, բայց 23 օր տևած հացադուլը լուրջ ազդեցություն է թողել։ Ռուբենն ավելի քան 6 կգ քաշ է կորցրել, արյան ճնշման վտանգավոր բարձր մակարդակ է նրա մոտ` 140/110–ի, ինչը համապատասխանում է 2-րդ աստիճանի հիպերտոնիային»,– նշել է Գենսերը։
Փաստաբանը շեշտել է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) առանցքային դեր է խաղում նրա բժշկական խնամքի ապահովման գործում, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ԿԽՄԿ-ին վտարելու մասին կարգադրությունը վտանգում է ինչպես անազատության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի բժշկական օգնության որակը, այնպես էլ նրա կապը ընտանիքի հետ:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից հացադուլ սկսեց, որը դադարեցրեց մարտի 13-ին։