Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ծանրոցներ է ուղարկում ԼՂ-ից տեղահանված 6000 անձի
Փետրվարի 12-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները՝ Քաղաքական բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը և Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանն այցելել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության պահեստ, որտեղ պահվում են հիգիենայի պարագաներ պարունակող 2420 ծանրոց, որից կօգտվի մարզում գտնվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 6000 անձ։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից:
Այցի ընթացքում ԵՄ պատվիրակության թիմը եղել է նաև Գորիսում՝ ծանրոցների պատրաստման վայրում և հանդիպել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության աշխատակիցների և կամավորների հետ:
Այցն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում հակամարտություններից տուժած բնակչության հիգիենայի հրատապ կարիքների արագ արձագանք» խորագրով ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» հայաստանյան ներկայացուցչության կողմից:
Հաջորդ ամսվա ընթացքում ծրագիրը նպատակ ունի տրամադրել կենցաղային հիգիենայի պարագաների 1200 ծանրոց և տարեցների, երեխաների և կանանց անհատական կարիքներին հարմարեցված 1220 ծանրոց: Ծրագիրը, որ ԵՄ արագ արձագանքման մեխանիզմ գործիքի ներքո ֆինանսավորվող 4 ծրագրերից մեկն է, աջակցություն է տրամադրում Հայաստանում գտնվող ԼՂ-ից տեղահանված բնակչությանը։
Ծրագրի շահառուների ընտրությունը կատարվում է իրականացնող գործընկերոջ կողմից` տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության միջոցով։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը չի ընտրում ծրագրի շահառուներին։