Հայ գերիների հայրենադարձման հարցը մնում է իշխանության ստախոսությունների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
Մի տեղ լրահոսում հանդիպեցի, որ Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլի մեջ է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իրականում մենք շատ քիչ բան գիտենք ադրբեջանական բանտերում գտնվող անձանց ու նրանց իրական վիճակի մասին:
Բաքվում ընթացող կեղծ դատավարությամբ որոշ մարդկանց կադրերով, տեսանյութերում տեսնում ենք, սակայն այնտեղ գտնվող հայերի իրական թիվն ու նրանց հետ կապված նվազագույն տեղեկությունները չունենք:
Ադրբեջանը հաստատում է միայն 23 հայի ներկայությունը, սակայն 2020 թվականի պատերազմի ժամանակ, դրանից հետո սոցիալական ցանցի տարբեր տիրույթներում ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տասնյակներով մարդիկ են ֆիքսվել:
Նույնիսկ հաստատված հայերի կյանքն ու առողջությունն է խիստ կասկածի տակ, դեռ չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր ունեն անհետ կորածի կարգավիճակ, տարբեր կադրերով, խոսակցություններով ֆիքսվել են Ադրբեջանի վերահսկողության տակ հատվածներում:
Ադրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը` իրավունքների վերականգնման և պաշտպանության առումով:
Երկրորդ ու ամենակարևոր խնդիրը` նրանց հայրենադարձման հարցն է, որն այս իշխանության համար զուտ խոստումների և ստախոսությունների տիրույթում է»,-գրել է նա։