Գլխավոր դատախազը մտահոգված է անչափահասների մասնակցությամբ բռնության դեպքերով
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մտահոգիչ է համարում բռնությամբ հանցագործությունների դեպքերը՝ հատկապես անչափահասների շրջանում։
Վարդապետյանն այս մասին ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ։
«Մարմնական վնասվածքներով դրսևորվող ֆիզիկական բռնությունը շատ հաճախ վերբալ ագրեսիայի հետևանք է։ Եվ այդ վերբալ ագրեսիայի կանխարգելումը միայն իրավապահ մարմինների գործը չէ», – նշեց դատախազը։
Գլխավոր դատախազն օրինակ բերեց հատկապես անչափահասների մասնակցությամբ դեպքերից, երբ սովորական կենցաղային վեճերը վերածվում են դանակահարության կամ ծանր մարմնական վնասվածքների։
«Մենք բազմաթիվ իրավիճակներ ենք ունենում, երբ անչափահասները, կենցաղային հարցի շուրջ միմյանց հետ վիճելիս, միմյանց դանակահարում են կամ ծանր վնասվածքներ են պատճառում, իսկ ծնողներն արդեն միմյանց հետ հաշիվներ են տեսնում», – ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ գլխավոր դատախազությունը աշխատում է համայնքային ոստիկանության հետ՝ իրավիճակի կանխարգելման, ինչպես նաև քրեական ոստիկանության հետ՝ դեպքերի բացահայտման ուղղությամբ։