Ֆրանսիայում հիշեցրել են Բաքվում պահվող պատանդների մասին
Փարիզի զբոսաշրջային ամենահայտնի ու բանուկ վայրերում վերջին շաբաթներին hայտնվել են փոքրիկ պաստառներ, որոնք բնակիչներին, Օլիմպիական խաղերի երկրպագուներին, քաղաքի բազմահազար հյուրերին ու զբոսաշրջիկներին հիշեցնում են, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 23 հայ պատանդների:
Պաստառներն ամենուր են՝ Լուվրի, Էյֆելյան աշտարակի տարածքում, Սենայի առափնյա հատվածներում, անգամ՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մերձակայքում:
Ակցիայի կազմակերպիչներն այս կերպ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 23 հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդներին:
Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Նրանց ծանր մեղադրանքներ են առաջադրվել, դատավարությունը դեռ չի սկսվել: