ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ֆրանսիայի Լիլի համալսարանի դասախոսներն այցելել են Արցախ

Ֆրանսիայի Լիլի համալսարանի դասախոսներն այցելել են Արցախ

«Ազատ Հայրենիք» կուսակցության աջակցությամբ Արցախում են Ֆրանսիայի Լիլի համալսարանի մի խումբ դասախոսներ, տեղեկացնում է «Արցախպրեսը»:

Կայքի թղթակցի հետ զրույցում Լիլի համալսարանի դասախոս, ժամանակակից պատմության մասնագետ Գարիկ Գալստյանն ասել է, որ պատվիրակության կազմում ընդգրկված են քաղաքակրթության ու լեզուների բնագավառի մասնագետներ, տնտեսագետներ և իրավագետներ:

«Նրանք Երևանում մասնակցել են միջազգային գիտաժողովի, և շրջագայության շրջանակներում որոշել են այցելել Արցախ՝ ծանոթանալու տեղի գիտական ներուժին: Հյուրերը մեծ հետաքրքրություն ունեն Արցախի հանդեպ, և այս ընթացքում կքննարկվեն նաև հետագա համագործակցությանը միտված հարցեր»,-նշել է Գ. Գալստյանը:

Այցի ընթացքում հյուրերը հանդիպել են խորհրդարանական ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի հետ: Նա անդրադարձել է «Հայրենիք» խմբակցության գործունեությանը, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակին, ապա պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին:

 

Հաջորդիվ հյուրերն այցելել են Շուշի: «Եզնիկ Մոզյան արհեստագործական կրթահամալիր»-ում գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանը դասախոսներին է ներկայացրել ուսումնական հաստատության ընձեռած լայն հնարավորությունները:

Վ. Կարապետյանի խոսքով՝ կրթահամալիրում ուսուցանվում է շինարարության և ինդուստիրիալ ոլորտների շուրջ 7 մասնագիտություն, այդ թվում՝ շինմոնտաժային և վերանորոգման, հարդարման ու շինարարական, մետաղամշակման, ջերմատեխնիկական և սանտեխնիկական, փայտամշակման, էլեկտրատեխնիկական աշխատանքներ և հասարակական սնունդ: Ներկայումս կրթահամալիրում սովորում է 160 աշկերտ:

Լիլի համալսարանի դասախոսները եղել են նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, որտեղ հանդիպել են պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկել երկու համալսարանների փորձի փոխանակման հնարավոր հեռանկարները: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսեսյանը հյուրերին է ներկայացրել լաբորատորիայում իրականացված զգալի աշխատանքները: Շուրջ 3 տարվա ընթացքում համալսարանի լաբորատորիայում ստեղծվել է 31 գյուտ: Լաբորատորիայում հիմնականում պատրաստվում են դեղամիջոցներ, մաշկի խնամքի միջոցներ, և այդ ամենը բնական հումքով:

 

Հանդիպման վերջում Լիլի համալսարանի դասախոսները հնարավորություն են ունեցել անձամբ փորձել ներկայացված արտադրանքից:

  • Կիսվել: