Ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը՝ հասկանալով իրավիճակի բարդությունը․ Շահրամանյանը՝ ԱՀ նախագահ դառնալու մասին
Մենք 2023 թվականի սեպտեմբերին հայտնվել ենք շատ ծանր ու բարդ իրավիճակում: Այս մասին, այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ ստանձնել եմ այդ պարտականությունն ու պատասխանատվությունը այն ժամանակ, երբ Արցախից գրեթե բոլորը հրաժարվել են: Մենք կայացրել ենք որոշումներ՝ ելնելով ստեղծված իրավիճակից»,-ասաց նա:
Անդրադառնալով լուրերին, որ 2021-ին եւ դրանից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցանկացել է հրաժարական տալ, բայց իրեն չեն թողել, այդ ժամանակ իր թեկնածությունը քննարկվե՞լ է որպես Արցախի նախագահի թեկնածու, Շահրամանյանն ասաց. «Իմ թեկնածությունը քննարկվել է վերջին օրերին, Արայիկ Հարությունյանի հրաժարական տալու օրերին: Ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը՝ հասկանալով իրավիճակի բարդությունը եւ չխուսափելով այն պատասխանատվությունից: Ես շատ լավ գիտակցում էի՝ ինչ է նշանակում այդ պաշտոնը ստանձնելը»: