հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Ես հպարտ եմ, որ այցելել եմ Արցախ մինչև էթնիկ զտումը, և կշարունակեմ պայքարել ռազմագերիների ազատ արձակման համար

Ես հպարտ եմ, որ այցելել եմ Արցախ մինչև էթնիկ զտումը, և կշարունակեմ պայքարել ռազմագերիների ազատ արձակման համար

Ադրբեջանի իշխանությունները զգուշացնում էին ինձ, որ հետևանքներ կլինեն, և պահանջում էին չեղարկել ուղևորությունը։ Բայց ես միևնույն է գնացի, որովհետև աշխարհը պետք է տեսներ հայ ժողովրդին, նրա համայնքները, եկեղեցիները և իր հողի հետ նրա խոր կապը։ Այսօր սիրտս կտոր-կտոր է լինում այն մտքից, որ Արցախը ավերված է, իսկ նրա բնակչությունը վերածվել է փախստականների։ Այս մասին Կապիտոլիումի բլուրում անցկացված մամուլի ասուլիսում, որը նվիրված էր հայերի ապօրինի գերության հազարերորդ օրվան, հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղից վերադառնալուց հետո պաշտոնական Բաքուն իրեն ներառել է սև ցուցակում և արգելել մուտքը Ադրբեջան։ «Ես կրում եմ այդ արգելքը որպես պատիվ։ Եթե մարդու իրավունքների պաշտպանությունը նշանակում է, որ Ադրբեջանում ինձ այլևս չեն ողջունում, ապա դա միայն ամրապնդում է իմ վճռականությունը՝ շարունակելու պայքարը հանուն արդարության հայ ժողովրդի համար», - ընդգծել է Ջուդի Չուն։

Կոնգրեսականը հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահման հազարերորդ օրը անվանել է սրտակեղեքիչ հանգրվան։ Նա հիշեցրել է, որ 2023 թվականի էթնիկ զտման հետևանքով ավելի քան 100 հազար հայեր ստիպված էին լքել իրենց պատմական հայրենիքը, իսկ ադրբեջանական գերության մեջ մինչ օրս մնում են մարդիկ, որոնց ենթարկում են դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և զրկում տարրական մարդկային ու իրավական իրավունքներից։

Ջուդի Չուն խորին երախտագիտություն է հայտնել իր գործընկեր Բրեդ Շերմանին՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երկկուսակցական ուղղման առաջմղման գործում ցուցաբերած առաջնորդության համար, որը Բաքվից պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ գերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ արժանի են արդարության, պատշաճ իրավական գործընթացի և իրենց ընտանիքների մոտ տուն վերադառնալու, և համաշխարհային հանրությունը իրավունք չունի աչք փակել դրա վրա։

«Այսօր, նշելով այս 1000 օրը, մենք հստակ ազդանշան ենք հղում. այս գերիները մոռացված չեն, նրանց ընտանիքները մոռացված չեն, և Արցախի ժողովուրդը մոռացված չէ։ Մենք չենք դադարի բարձրաձայնել, քանի դեռ յուրաքանչյուր գերի չի ազատ արձակվել, և քանի դեռ հայ ժողովուրդը չի կարող ապրել խաղաղության, անվտանգության և արժանապատվության մեջ», - եզրափակել է կոնգրեսականը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: