կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Չեն փոխվել մեր ձգտումները, որակափոխվել է ձգտումներն իրենց վերջնանպատակին հասցնելու ձևաչափը․ Սամվել Բաբայան

Չեն փոխվել մեր ձգտումները, որակափոխվել է ձգտումներն իրենց վերջնանպատակին հասցնելու ձևաչափը․ Սամվել Բաբայան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«Սիրելի´ արցախցիներ,
 
աշխարհասփյուռ հայություն,
 
1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի իրավական արգասիքը հայոց դարավոր իղձերի և երազանքների արձանագրումն էր: Ազգային արժեքների, կենսակերպի և գոյապահպանության, դրանց զարգացման նկատմամբ սպառնալիքների հաղթահարման ձգտմամբ և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու վճռականությամբ արցախահայությունը, Հայաստանի և Սփյուռքի հետ ձեռք ձեռքի տված, նախորդ 29 տարիներին հետևողականորեն ստեղծել և զարգացրել է ազգային անվտանգության հիմնարար արժեքներ:
 
Սեպտեմբերի 2-ը բացառիկ նշանակություն և արժեք ունեցող տոն է յուրաքանչյուր հայի համար։ Անկախ, ինքնիշխան Արցախը հայ ժողովրդի  միասնական ոգու, անկոտրուն կամքի, մեծ հայրենասիրության և հերոսական  պայքարի ծնունդ  է, որի նորօրյա պատմության  կերտողը մեզնից յուրաքանչյուրն է։ 29 տարի անց  չեն փոխվել մեր ձգտումները, որակափոխվել է միայն հռչակագրով ամրագրված ձգտումներն իրենց վերջնանպատակին հասցնելու ձևաչափը ՝ սկզբունքորեն շեշտադրելով անվտանգություն-կայունություն-զարգացում շղթայի յուրաքանչյուր օղակը: Արցախի անվտանգությունն այլևս ցանկացած հայի պատվի և արժանապատվության հարցն է։
 
Վերստին շնորհավորում եմ  Արցախի նորագույն պատմության կարևոր այս տոնի կապակցությամբ և  մաղթում ուժ և ավյուն՝ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու գործում»։

  • Կիսվել: