Բավարար չափով ջանքեր չեն ներդրվում Բաքվում գտնվող հայ գերիների ու պատանդների վերադարձի ուղղությամբ․ Արցախի ՄԻՊ
Այո, ես կարծում եմ, որ քաղաքական հարթակում բավարար չափով ջանքեր չեն ներդրվում Բաքվում գտնվող հայ գերիների ու պատանդների վերադարձի ուղղությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Դրա ամենավերջին ապացույցը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ՀՀ վարչապետի ելույթում և Նյու-Յորքում տարբեր պետությունների ղեկավարների հետ հանդիպումներում գերիների և պատնդների թեմային ընդհանրապես չանդրադառնալն է»․- ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը։
Նրա խոսքով՝ քաղաքական հստակ գործողությունների բացակայության պայմաններում իրավական ուղղությամբ արվող քայլերն օգուտ չեն տալիս։
«Իրապես չգիտեմ, միգուցե ոչ հանրային ինչ որ բան արվում է, բայց առնվազն շահագրգիռ կողմերը, որոնք պետք է տեղեկություն ունենան, թե ինչ է կատարվում, չեն տեսնում քաղաքական որոշակի հստակ գործողությունները։
Իրավական դաշտում արվում է, բայց 2020 թվակաանից հետո համոզվել ենք՝ իրավական ճանապարհով այս խնդրի լուծմանը հասնել անհնար է, պետք է ուժեղ քաղաքական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, ինչը, ցավոք սրտի, ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ չի արվում։
Հարցի լուծումը քաղաքական դաշտում է, պետք է ավելի շատ ջանքեր ներդրվեն հասնելու որոշակի հաջողությունների»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվում է միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների և նրանց տունդարձի համար։