Այսօր Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը որպես կենդանի պատանդ էր մնացել Արցախում, որպեսզի Ադրբեջանը թույլատրի բնակչության տարհանումը Հայաստան. Շահրամանյան
Ես ամենավերջում եմ դուրս եկել Արցախից, ընդորում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարվելուց հետո: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել դուրս գալ Արցախից, Շահրամանյանը պատասխանել է, որ առաջիկայում կանդրադառնա այդ հարցին:
Շահրամանյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե նա տեսե՞ լ է՝ ինչպես են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին տանում, նա պատասխանել է, որ՝ այո:
«Հետագայում առիթ կունենանք մանրամասն խոսել այս թեմայով: Մենք թաքցնելու բան չունենք: Այս պահին կա գործընթաց, որոնց մենք չենք ուզում խոչընդոտել կամ վնասել մեր հայտարարություններով: Հետագայում մենք առիթներ կունենաք, կխոսենք ամեն ինչի մասին:
Այն մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, հենց առաջին օրվանից, որ մենք հարց ենք բարձրացրել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը, և խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Այդ մարդիկ մնալով որպես կենդանի պատանդ, մնացել են, ապահովել են նաև մեր խաղաղ բնակչության դուրս գալը:
Լրագրողի այն հարցին՝ արդյոք հնարավորություն կար, որ նրանք չգերեվարվեին, Շահրամանյանը պատասխանել է, որ ոչ, չկար:
Իր հերթին Արցախի Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ պատասխանելով Արցախի ռազամաքաղաքական ղեկավարության մասին լրագրողների հարցին՝ նշեց․ «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մինչև վերջ մնացել է Արցախում, չի ցանկացել դուրս գալ, մինչև բոլորը դուրս չգան»։