Այս վիճակին մենք հասել ենք գործող իշխանության բացթողումների ու անպետք որոշումների հետեւանքով. Անաստաս Իսրայելյան
Այս վիճակին մենք հասել ենք գործող իշխանության բացթողումների ու անպետք որոշումների հետեւանքով: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը։
«Հիմա մենք ոչ թե գնում ենք ԱԳՆ-ից պատասխան ստանալու, այլ ցույց ենք տալիս, որ մենք անտարբեր չենք, որ պահանջատեր ենք առաջին հերթին ներկա իշխանությունից: Այս ամենի պատճառը ներկա իշխանությունն է: Մենք Արցախում ապրելու ժամանակ մենք ունեցել ենք ընդամենը երկու հարց, Արցախի ինքնորոշման հետ կապված եւ Արցախի հետագա կարգավիճակը ստանալու հետ կապված: Արցախը կորցնելու հետո կետերի թիվը հասել է 12-ին: Մենք պայքարում ենք, որ վաղը դա չդառնա 24 կետ։
Այսօր մենք ժողովրդին կոչ ենք անում՝ եկեք միացեք, որովհետեւ սա Արցախի հարցը չի մենակ, սա ընդհանուր ազգային հարց է, մենք վտանգի տակ ենք բոլորս»:
Դիտարկմանը, որ իրենք իշխանափոխության պահանջ չեն դրել, այդ դեպքում ինչպե՞ս են իրենց խնդիրների լուծումը տեսնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ով ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, նա պատասխանեց. «Եթե գաս միանգամից ասես՝ իշխանությունը հեռացիր, դա մի քիչ ուրիշ տրամաբանություն է, բայց մենք իշխանության դեմ դրել ենք պահանջներ, որի համար ինքը պատասխանատու է:
Միջազգային հանրությունը միշտ նայում է երկրի մեջ ինչ իրավիճակ է ու իր դիրքորոշումը դրան համապատասխան ներկայացնում է: Երբ մենք 1994 թվականին եղել եք հաղթող կողմ, միջազգային հանրությունը լրիվ ուրիշ բան էր ասում: Մինսկի խումբը հենց դրա հիման վրա է ձևավորվել, որ Արցախը ճանաչել են որպես հակամարտող կողմ: Ես ձեզ հավաստացնում եմ, որ կարող է ինչ-որ փոփոխություններ լինեն ու այդ նույն միջազգային հանրությունը լրիվ ուրիշ արձագանքներ տա:
Հիմա մենք հարցեր ենք բարձրացնում, Արցախի ինքնորոշման հետ կապված, Մինսկի խմբի լուծարման հետ կապված ինչի՞ եք դուք ինքնագլուխ որոշումներ կայացնում, որի մասնակից չեք եղել, դուք այդ իրավունքները չենք ունեցել»: