երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Այս տարի ՀՀ բուհեր, քոլեջներ ընդունված 180 արցախցի ուսանող ևս կստանա ուսման վարձի փոխհատուցում․ նոր որոշում

Այս տարի ՀՀ բուհեր, քոլեջներ ընդունված 180 արցախցի ուսանող ևս կստանա ուսման վարձի փոխհատուցում․ նոր որոշում

2023 թվականի սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների և մինչև 2023 թվականի բռնի տեղահանումը ՀՀ բուհերում սովորող ուսանողների համար աջակցության նոր ծրագիր է մշակվել: Որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ առաջարկվում է հստակեցնել անհրաժեշտ աջակցությունը մինչև կրթական մակարդակում ուսումնառության ավարտը, ինչը նշանակում է, որ մինչև ուսումնառության ավարտը ուսանողների աջակցության հնարավորություններն ընդլայնվում են:

«Ընդ որում՝ այս տարի աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով:

2025-2026 ուսումնական տարվանից, այսինքն՝ հաջորդ ուսումնական տարվանից նախատեսում ենք ներառել նաև միջին որակական գնահատականի կամ ՄՈԳ-ի շեմ՝ առնվազն 75 տոկոսի չափով, որը թույլ կտա նաև խրախուսել ավելի լավ առաջադիմությունը, ինչը առաջին հերթին հենց մեր ուսանողներին թույլ է տալիս ավելի լավ մասնագետ դառնալ և ավելի մրցունակ լինել իրենց նախընտրած ոլորտում»,- ասաց նախարարը:

Ըստ նախարարի՝ առաջարկվող փոփոխություններով հանվում է նաև ուսման վարձի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը:

«Պետք է հիշեցնեմ, որ նախորդ տարի այս կարգավորումը ներառել էինք, որպեսզի նպաստեինք ուսանողների՝ ավելի համաչափ բաշխմանը մեր բուհերում, սակայն հաշվի առնելով, որ խոսում ենք փաստացի սովորող ուսանողների մասին, ապա այս դրույթի անհրաժեշտությունը դուրս է գալիս: Այս սահմանաչափի վերանայումը նաև հնարավորություն է տալիս, որ 100 տոկոս փոխհատուցում ստանան բոլոր այն դեպքերում, որտեղ նախորդ տարվա այս դրույթի պատճառով ամբողջական փոխհատուցում արդյունքում չէր ձևավորվում»,- ասաց նախարարը:

Անդրեասյանը կարևորեց նաև այն փաստը, որ այս աջակցությունը տարածվելու է նաև այս տարի բուհեր ընդունված, ինչպես նաև քոլեջներ ընդունված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակից ուսանողների համար. խոսքը շուրջ 180 ուսանողի մասին է:

«Նրանք նույնպես այս տարի այս նույն պայմաններով կունենան հնարավորություն՝ ուսման վարձի փոխհատուցում ստանալու կրթաթոշակի տեսքով, և նրանց համար նույնպես հաջորդ տարվանից կգործի ՄՈԳ-ի շեմը»,- ասաց նախարարը:

Անդրեասյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի այս որոշման շրջանակում 1-ին կիսամյակում 1834 բուհերի ուսանողների ուսման վարձ է փոխհատուցվել, իսկ 2-րդ կիսամյակում ուսանողների թիվը բուհական մակարդակում աճել է մինչև 2134-ը: Ինչ վերաբերում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին, ապա 1-ին կիսամյակում 919 սովորողի է փոխհատուցվել, իսկ 2-րդ կիսամյակում՝ 1133-ի:

«Այսինքն՝ այս որոշումը վերաբերում է հազարավոր ուսանողների՝ քոլեջներում և բուհերում, և նրանք այս որոշման ընդունմամբ կարող են վստահ լինել, որ ֆինանսական համապատասխան աջակցությունը կա, և նրանք կարող են կենտրոնանալ ուսման և դրա որակի վրա»,- ասաց նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետարքրքրվեց՝ քանի շահառու կա ծրագրով 2024-ին, Անդրեասյանը նշեց՝ շահառուների թիվը շուրջ 4000 է, նրանք բուհերի և քոլեջների ուսանողներ են:

  • Կիսվել: