Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային անվտանգության խնդիրների լուծմանը. Հարությունյան
Արցախը պատրաստ է միջազգային անվտանգության խնդիրների ոչ միայն սպառողը լինել, այլև իր լիարժեք մասնակցությունը ունենալ դրանց լուծմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի թեկնածու, Ազատ հայրենիք կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ նախատեսում են առևտրային բանկերի հետ համագործակցելով՝ կառավարության կողմից սուբսիդավորել ավտովարկերի տոկոսներն ամբողջությամբ՝ էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար:
Հարությունյանը, մասնավորապես, գրել է.
«Այս գործում իմ գլխավորած քաղաքական ուժը շատ հստակ ծրագիր ունի, որի կարևոր մաս են կազմում մեր հանրապետությունում էլեկտրամոբիլների թվի ավելացման խրախուսումը և բոլոր այն տնային տնտեսությունների համար, որոնք կհրաժարվեն բնական գազի օգտագործումից, էլեկտրաէներգիայի նոր սակագին սահմանելը: Մասնավորապես՝ նախատեսում ենք առևտրային բանկերի հետ համագործակցելով կառավարության կողմից սուբսիդավորել ավտովարկերի տոկոսներն ամբողջությամբ՝ էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար, իսկ գազաֆիկացման փոխարեն՝ մեր հանրապետության բոլոր մյուս բնակավայրերում շուրջ կրկնակի անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, որպեսզի ծախսերի հարցում պահպանվի համամասնությունը: Ավելին՝ այդ նվազեցված սակագինը, մեր կարծիքով, պետք է առաջարկվի նաև մեր հանրապետության բոլոր այն բնակիչներին, ովքեր բնական գազի օգտագործման շահառու են, բայց պատրաստ են հրաժարվելու այն սպառելուց»: