Արցախում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ են կատարվել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում խորհրդարանը քննարկել և հավանություն է տվել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկված փոփոխություններին:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ օրինագիծը ներկայացրել է Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը, մանրամասնելով, որ առաջարկվող լրացումների և փոփոխությունների համաձայն՝ անձին հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կնշանակվի նաև այն դեպքում, եթե նա օրենքով սահմանված նվազագույն աշխատանքային ստաժ ունի կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմելու ժամանակ:
Առաջարկվում է քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, հոգեբուժարանում բուժվող և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող քաղաքացիներից բացի, լիազորագրով վերսկսվել նաև առաջին խմբի հաշմանդամի դադարեցված կենսաթոշակը:
Հաջորդ փոփոխությամբ կերկարաձգվեն կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի պատերազմական գործողությունների հետ կապված՝ դադարեցված կենսաթոշակների վճարումները վերսկսելու համար դիմելու ժամկետները: Արտակարգ իրավիճակում գտնվող օտարերկրյա պետությունում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված՝ այդ երկրում գտնվող կենսաթոշակառուների դադարեցված կենսաթոշակների վճարումները վերսկսել գրավոր դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գործողության ժամկետը չլրացած՝ այդ երկրում գործող նոտարի կողմից վավերացրած լիազորագրի հիման վրա: