Արցախում մեկնարկել է հիշարժան օրերի առթիվ սահմանված պարգևավճարների տրամադրման գործընթացը
Մեկնարկել է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ հիշարժան օրերի առթիվ սահմանված՝ սոցիալական որոշակի խմբերի պատկանող անձանց տրամադրվող ֆինանսական աջակցության այն վճարումների գործընթացը, որոնք անցյալ տարի չեն տրամադրվել:
Այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:
Ըստ այդմ՝ միաժամանակ կվճարվեն դեկտեմբերի 10-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ 2020 թվականին չվճարված, ինչպես նաև ընթացիկ տարվա համար՝ մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ տրամադրվող աջակցությունները:
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչները տվյալ դրամական օգնությունը կստանան Արցախբանկի մասնաճյուղերից, որի համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Հայաստանում և Արցախում գործող մասնաճյուղ՝ իրենց նախընտրությամբ: