ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Արցախից բռնի տեղահանված 9451 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. փոխնախարար

Արցախից բռնի տեղահանված 9451 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. փոխնախարար

Հանրապետությունում մայիսի 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9 հազար 451 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Նույն օրվա դրությամբ արդեն քաղաքացիություն ստացածների թիվը կազմում է 8 հազար  315 անձ։ ՀՀ քաղաքացիություն ստանալու անհրաժեշտություն ունեն միայն չափահաս անձինք։ Եթե ծնողներից մեկը ստացել է ՀՀ քաղաքացիություն, ապա անչափահասն արդեն ավտոմատ կերպով դառնում է ՀՀ քաղաքացի։ Արդեն 2000-ից ավելի անչափահաս այդ կերպ ստացել է ՀՀ քաղաքացիություն։

Հրավիրված ասուլիսում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը տեղեկացրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում ակտիվություն է նկատվում։ 

«Դիմելիության առումով նկատում ենք որոշակի ակտիվացում։ Եթե տարվա սկզբին օրական դիմումների քանակը կարող էր տատանվել 20-ի շրջանակում, ապա վերջին շրջանում օրական 40-50 նմանատիպ դիմումներ ենք ստանում»,-ասաց Արմեն Ղազարյանը։ 

Այդ ակտիվությունը ՆԳ նախարարի տեղակալը բացատրում է երկու հանգամանքով։ Նախ իր դերն ունի հանրապետությունում ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար բնակարանային ծրագիրը, որից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ունենալը պարտադիր բաղադրիչ է։ Հաջորդ գործոնը, ըստ Արմեն Ղազարյանի, իրազեկվածության հետ է կապված։ 

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքացիության թեմայի շուրջ միֆեր են հյուսվել։ Միֆեր, որոնք ոչ միայն իրավական հիմքեր չունեն, այլև իրականության հետ կապ չունեն։ Մենք հնարավորինս ինտենսիվ իրազեկել ենք, բացատրել ենք այս բավականին բարդ թեման։ Այն դյուրին չի, սակայն կամաց-կամաց ձևավորվում է այն ընկալումը, որ երկարաժամկետ իրավական կապ պետք է ստեղծել Հայաստանի հետ, իսկ դա հնարավոր է միայն քաղաքացիության ճանապարհով»,-հավելեց Արմեն Ղազարյանը։ 

  • Կիսվել: