Արցախի տարածքում չեն գործում META կազմակերպության կայքերը և հավելվածները
Արցախի տարածքում այս պահին չեն գործում META կազմակերպության կայքերը և հավելվածները (Facebook, Instagram, Messenger, WhatsApp): Այս մասին տեղեկացրել է կիբերանվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը։
Նա նշել է, որ արգելափակման գործողություններն արվում են ցածր մակարդակով, հիմնականում արգելափակվում են tcp միացումները և 80 և 443 պորտերը։ Նա խորհուրդ է տվել շրջանցել արգելափակումը Opera VPN, TOR, կամ ցանկացած այլ VPN-ով։
Հետք-ի տեղեկություններով «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տրամադրած բոլոր IP հասցեների բաժանորդները չունեն նշված ծրագրերից օգտվելու հնարավորություն: Սակայն «Արցախկապ» ՓԲԸ-ի բաժանորդները նման խնդիր չունեն: «Ղարաբաղ Տելեկոմից» հայտնել են, որ ստույգ տեղեկություն տալ չեն կարող, թե ինչու սոցցանցերը չեն գործում: Միայն տեղյակ են, որ տեխնիկական խնդիր է: