երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Արցախի մասին պատմող «Ցեղասպանություն 2.0» ֆիլմը մրցանակ է ստացել ԱՄՆ-ում

Արցախի մասին պատմող «Ցեղասպանություն 2.0» ֆիլմը մրցանակ է ստացել ԱՄՆ-ում

Ռեժիսոր Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանություն 2.0․ էթնիկ զտում Արցախում» վավերագրական ֆիլմն ԱՄՆ-ում անցկացված Chagrin Documentary Film Festival կինոփառատոնում հաղթել է «Լավագույն սոցիալական նշանակության վավերագրական ֆիլմ» անվանակարգում, տեղեկանում ենք փառատոնի արդյունքներից։

Լիամետրաժ վավերագրական ֆիլմը պատմում է 2020 թվականի արցախյան պատերազմի, դրան հաջորդած շրջափակման, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի՝ Արցախի դեմ հարձակման և հայ բնակչության համար դրա հետևանքների մասին։

Ֆիլմը նվիրված է Արցախից ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանությանը։ Կինոփառատոնն անցկացվել է 2026 թվականի հոկտեմբերի 6-11-ը ԱՄՆ Օհայո նահանգի Չագրին Ֆոլս քաղաքում։ Ֆիլմի ցուցադրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 7-ին և 8-ին։ Մարոնյանը  ամերիկահայ ռեժիսոր է։

«Ցեղասպանություն 2.0»-ն եզրափակում է հայ ժողովրդի պատմությանն ու ճակատագրին նվիրված նրա եռագրությունը, որում ընդգրկված են նաև «Ցեղասպանության որբերը» (Orphans of the Genocide) և «1915 թվականի կանայք» (Women of 1915) ֆիլմերը։

Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, ֆիլմը ցուցադրվել էր ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Նյուտոն քաղաքի West Newton Cinema կինոթատրոնում։ Ցուցադրությանը ներկա էին շուրջ 100 հայեր և այլ համայնքների ներկայացուցիչներ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: