երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Արցախի խորհրդարանում քննարկվել են կրթությանն առնչվող հարցեր

Արցախի խորհրդարանում քննարկվել են կրթությանն առնչվող հարցեր

Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Հարությունյանի նախագահությամբ հրավիրել է «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ԱՀ հատկացված (2020-2021 ուսումնական տարվա) և ԱՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձավճարների՝ պետական բյուջեից փոխհատուցման  (ժամանակավոր) կարգ» նախագծի շուրջ քննարկում: Այդ մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ պաշտոնական կայքում:

 

Նշվում է,որ հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ կրթության, գիտության և մշակույթի փոխնախարար Հասմիկ Մինասյանը: Վերջինս անդրադարձել է նաև բուհերի ներկայացրած առաջարկներին:

Ներկաները զեկուցողին ուղղել են հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների, զինծառայողների երեխաների, մագիստրատուրայում սովորողների, ցածր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների  ուսման վարձավճարների փոխատուցման կարգին և դրանց դադարեցմանը վերաբերող հարցեր:

 

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում  նախագծի վերաբերյալ հնչել են առաջարկներ:

Քննարկմանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, ԱՀ բուհերի ռեկտորներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ:

  • Կիսվել: