Արցախի Անվտանգության խորհուրդը պարզաբանել է Սամվել Բաբայանի ոչ միանշանակ հայտարարությունը ԱԽ-ի և իր լիազորությունների վերաբերյալ
Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը հանդես է եկել ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի ԱՀ Ազգային ժողովի ելույթի պարզաբանմամբ, մասնավորապես այն հատվածի, որում նա անդրադառնում է ԱԽ-ի լիազորություններին և Արցախի նախագահի հետ հարաբերություններին:
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է.
«Սամվել Բաբայանը ԱԺ-ում, խոսելով ԱԽ-ի լիազորությունների մասին, նկատի է ունեցել այն, որ ԱՀ նախագահը, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, ազգային անվտանգության բնագավառում իր լիազորությունների իրականացմանն աջակցելու նպատակով ձևավորած խորհրդակցական մարմնին՝ ի դեմս անվտանգության խորհրդի, օժտել է որոշակի լիազորություններով, որոնք հանրայնացման ենթակա չեն, քանի որ պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ: Իսկ Հանրապետության նախագահը, բնականաբար, ունի Սահմանադրությամբ ամրագրված բացառիկ լիազորություններ, որոնք այլ մարմինների չեն կարող փոխանցվել»:
Նշենք, որ Բաբայանը ԱԺ-ում, պատասխանելով ԱԽ-ի լիազորությունների մասին հարցին, բառացի ասել էր.
«Նախագահը իր լիազորությունների մի մասը՝ ձեր ասած կանոնադրությունով տվելա մեզ, հրամանով: Դա իրա իրավունքն ա, ինչ մասով մեզ լիազորի, իրա լիազորության որ մասնա տվել, որ մենք զբաղվենք, ինչի մասին խոսեցինք հենց նոր: Էդ ամբողջովին գաղտնի ա, որևիցէ բան մենք չենք կարա ավելին ներկայացնենք քան կա, կանոնադրությունը և կառուցվածքը ընդհանրապես, գաղտնիություն ա պարունակում՝ նախագահի հրամանից ելնելով»:
Այս հայտարարությունը դարձել էր բուռն քննարկման և վերլուծությունների առարկա: Քաղաքական և վերլուծական որոշ շրջանակներ դա մեկնաբանել էին, որպես Արցախում երկիշխանության սկիզբ: