հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
«Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»

«Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախի Հանրապետությունն ուներ իր կամերային նվագախումբը: Այն ստեղծվել է 2004 թվականին և գործունեություն է ծավալել նույնիսկ ամենածանր ժամանակներում: Ի դեպ, նշենք, որ այն գործել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը հայաթափելուց և հանձնելուց հետո արմատապես փոխվեց բոլոր արցախցիների, այդ թվում՝ Արցախի կամերային նվագախմբի ճակատագիրը:

Դրանից հետո հայտնի երաժիշտներ Հասմիկ Պապյանը և Նարեկ Հախնազարյանը բանակցություններ են վարել ՀԲԸՄ հետ և համոզել շարունակել ֆինանսավորումը: Ավելին, կամերային նվագախմբի երկար տարիների գեղարվեստական ղեկավարն ազատվել է աշխատանքից, փոխարենը նվագախմբի ղեկավարումն ստանձնել է Հախնազարյանը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս ՀԲԸՄ-ին նաև համոզել է, որ 11 հաստիքի փոխարեն զուտ երաժիշտների առումով 15-16 հաստիք է անհրաժեշտ: Ավելին, ինչպես հենց Նարեկ Հախնազարյանն է նշել իր հարցազրույցներից մեկում, մարտ ամսվա համերգի համար նվագախմբի կազմը փորձնականորեն ավելի է ընդլայնվել. ելույթ են ունեցել 24 հոգով: Սակայն հարցն այն է, որ նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասն ազատվել է աշխատանքից: Ստացվում է՝ «Արցախ» բրենդն օգտագործվում է, ինչը վատ չէ, նույնիսկ շատ լավ ու գովելի է, սակայն արցախցիները դուրս են մնացել նվագախմբից (տարբեր տեղեկություններով, մնացել է 5 կամ 6 արցախցի երաժիշտ): Փոխարենը անցած տարեվերջին «քաստինգ» են իրականացրել և աշխատանքի ընդունել այլոց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: