ԱՀ նախագահը, ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել փրկարար Դավիթ Դոլուխանյանի հիշատակին
Այսօր փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Դավիթ Դոլուխանյանի հիշատակի օրն է, հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի, ԱՀ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և պաշտոնատար մի խումբ անձանց ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել ռազմական գործողությունների ընթացքում անմահացած փրկարարի հիշատակին:
Այնուհետև ՆԳ նախարարը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը, ինչպես նաև համակարգի մի խումբ ծառայողներ զորակցություն են հայտնել Դոլուխանյանների ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին:
Նախարարն իր և ՆԳՆ ամբողջ անձնակազմի անունից ցավակցություն է հայտնել անդառնալի կորստի կապակցությամբ, ընդգծել, որ ինչպես փ/ծ երիտասարդ հրամանատարի, այնպես էլ ՆԳՆ համակարգի զոհված հերոսների ընտանիքները մշտապես լինելու են իր անմիջական ուշադրության կենտրոնում:
Դավիթ Վլադիմիրի Դոլուխանյան
Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Ստեփանակերտում:
2006 թվականին ծառայության է անցել ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբում: Եղել է առաջին խմբի առաջին ջոկի հարամանատարը՝ ավագ-լեյտենանտի կոչումով:
2020 թվականին Արցախի դեմ սկսված պատերազմի ընթացքում ԱԻՊԾ համահավաք վաշտի անձնակազմի հետ մեկտեղ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված ռազմական գործողություններին:
Զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 6-ին՝ Շուշիի շրջանում:
ԱՀ Նախագահի հրամանագրով՝ Դ.Դոլուխանյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:
Ամուսնացած է, ունի 2 դուստր:
Հանգչում է Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

