շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ադրբեջանական ԶԼՄ-երը աղմուկ են բարձրացրել այն կապակցությամբ, որ ՌԴ խաղաղապահ ուժերի պաշտոնական նամակներում Արայիկ Հարությունյանին դիմում էին, որպես «ԼՂՀ նախագահ»

Ադրբեջանական ԶԼՄ-երը աղմուկ են բարձրացրել այն կապակցությամբ, որ ՌԴ խաղաղապահ ուժերի պաշտոնական նամակներում Արայիկ Հարությունյանին դիմում էին, որպես «ԼՂՀ նախագահ»

Ադրբեջանական minval.az-ը, հղում անելով իր հավաստի աղբյուրների վրա, հրապարակել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար Անդրեյ Վոլկովի և ԱՀ չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական նամակագրությունից մի դրվագ։

Խոսքը, մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվան նվիրված գեներալ Վոլկովի շնորհավորական ուղերձի մասին է՝ ուղղված Արայիկ Հարությունյանին, ում նա պաշտոնական ուղերձում անվանում է «Լեռնային Ղարաբաղի նախագահ»։ Այս փաստը հարուցել է ադրբեջանական լրատվամիջոցի խիստ զայրույթը։

Լրատվականի ուշադրությունից չի վրիպել նաև այն փաստը, որ ուղերձը գեղեցիկ շրջանակի մեջ է եղել տեղադրված՝ ապակու տակ և ձևավորված ռուսական եռագույնի գույներով։

Ուղերձում, մասնավորապես ասված էր. «Հարգելի Արայիկ Վլադիմիրի, Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության և անձնակազմի անունից շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության օրվա առթիվ:

Ձեր ժողովուրդը միշտ պայքարել է իր պետականության, սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, իր իրավունքների, իր օջախի ու ընտանիքի պաշտպանության համար: Վստահ ենք, որ ձեր ժողովուրդն այսուհետ ևս միասնական ջանքերով, համախմբված և վստահորեն կշարունակի իր իղձերի իրականացման, Ժողովրդական միասնության հետևողական ամրապնդման, համազգային խնդիրների լուծման, Լեռնային Ղարաբաղի կայուն և առաջադիմական զարգացման ուղին: Այս տոնը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր պատմական ավանդույթներին հավատարմության, պետականության վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված համախմբվածության ու կամքի վառ վկայությունն է»։

Ադրբեջանական պարբերականը նաև իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ ՌԴ խաղաղապահ ուժերի պաշտոնական գրագրության մեջ օգտագործվել են արցախյան բնակավայրերի հայկական տեղանունները։ Ի դեպ, նշենք, որ սա միակ դեպքը չէ, երբ ՌԴ խաղաղապահների պաշտոնական գրագրության մեջ օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», «Լեռնային Ղարաբաղի նախագահ» բառակապակցությունները։

Մասնավորապես, Արցախում ՌԴ խաղաղապահների առաջին հրամանատար Ռուստամ Մուրադովը, ըստ InfoPort.am-ի հավաստի աղբյուրների, Արցախի ղեկավարությանը ուղղված բոլոր պաշտոնական նամակները սկսել է՝ «Президенту Нагорно-Карабахской Республики Араику Арутюняну» բառակապակցությամբ։ Բոլոր այդ նամակները տեղադրված են եղել ՌԴ խաղաղապահ ուժերի պաշտոնական ձևաթղթերի վրա և դրանց պատճենները ուղարկվել են ՌԴ ՊՆ-ը։

  • Կիսվել: